Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

«ԱՇԽԱՐՀՈՒՄ ՈՉ ՄԻ ԱԶԳ ՉԻ ՈՉՆՉԱՑԵԼ ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ. ԱԶԳԵՐԸ ՄԱՀԱՆՈՒՄ ԵՆ ԽԱՂԱՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ»

«ԱՇԽԱՐՀՈՒՄ ՈՉ ՄԻ ԱԶԳ ՉԻ ՈՉՆՉԱՑԵԼ ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ. ԱԶԳԵՐԸ ՄԱՀԱՆՈՒՄ ԵՆ ԽԱՂԱՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ»
23.03.2012 | 00:00

«Մարդկության առաջին գրավոր հիշատակություններում, առասպելներում և էպոսներում, շումերական «Գիլգամեշ»-ում, նույնիսկ Հին կտակարանում Հայաստանը հիշատակվում է որպես Արարատի երկիր, Ավետյաց երկիր, որտեղ գտնվում էր երկրային դրախտը, իսկ օտարներն այստեղ փնտրում էին իմաստություն և անմահություն»:
Այս խոսքերով է սկսվում ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ «Արարատից Եվրոպա» վավերագրական ֆիլմը:
Ֆիլմում ներկայացված են վաղ քրիստոնեական Հայաստանից Եվրոպա մեկնած և կաթոլիկ եկեղեցու սրբերի կարգը դասված հոգևորականներ, ինչպես նաև հայկական վաղ քրիստոնեական ճարտարապետության` եվրոպական եկեղեցաշինության վրա ունեցած ազդեցությունը: Խոսքը կենտրոնագմբեթ եկեղեցիների մասին է, որոնք, ըստ եվրոպացի գիտնականների, ստեղծել են հայերը, իսկ հետագայում դրանք տարածվել են հարակից շրջաններում ու Եվրոպայում:
Եվրոպական պատմագրությունը հուշում է նաև, որ հայերը Եվրոպայում քրիստոնեությունն սկսել են տարածել դեռ այն ժամանակ, երբ Հայաստանը պետականորեն դեռ չէր ընդունել քրիստոնեություն: Ամենաառաջին հայ սուրբը, որ քրիստոնեություն է տարածել Իտալիայում, սուրբ Մինասն է, ում անունով մինչ օրս եկեղեցի կա Ֆլորենցիայում, իսկ գլխավոր խորանի վերևում գրված է. «Սուրբ Մինաս Հայոց Թագավոր»: Ֆիլմը նկարահանվել է Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Բելգիայում և այլուր: Ներկայացվող պատմական փաստերը հաստատում են արտերկրի գիտնականներն ու հոգևորականները: Հիշատակվում են նաև Լեոնարդո դա Վինչիի` Հայաստան կատարած այցը, նրա նամակները Հայաստանի մասին: Միլանի «Ամբրոզյանա» գրադարանում պահվող Լեոնարդո Դա Վինչիի ձեռագրերից մեկի հետևում պատկերված է Հայաստանի քարտեզը, ինչպես նաև նկարագրված է երկրաշարժի և ջրհեղեղի տեսարան, որը, ըստ պատմական տվյալների, գրանցվել է Երզնկայում` 1482-ին:
Նշենք, որ «Արարատից Եվրոպա» ֆիլմը կաթոլիկ ֆիլմերի համաշխարհային փառատոնում (Լեհաստան, 2011թ.) արժանացել է երկրորդ մրցանակի` ուսուցողական անվանակարգում: Նախատեսվում է նկարահանել նաև ֆիլմի երկրորդ մասը:

-Եթե առաջին ֆիլմում անհատների մասին էր խոսվում, ապա երկրորդն ազգերին է վերաբերում` բավարներին, բասկերին, բրիտանացիներին, որոնք Արարատի երկրից գնացել են Եվրոպա,- ասում է Արսեն Հակոբյանը:- Այս ազգերի էպոսներում Հայաստանը ներկայացվում է իբրև բնօրրան: Օրինակ, միջնադարյան բավարական «Աննոյի երգը» էպոսի 20-րդ գլխում գրված է, որ իրենց նախահայրը` Բավարիուսը, եկել է Հայաստանից, Արարատյան լեռնաշխարհից: Տվյալ պարագայում հիշատակվում են և՛ Արարատը, և՛ Հայաստանը: Բասկերի նախահոր` Հայթոռի մասին էպոսում գրված է, որ բասկերը եկել են Արարատի երկրից: Բրիտանական «Անգլոսաքսոն քրոնիկոնում» իբրև բնօրրան նշվում է Արմենիան: Ես ոչինչ չեմ հայտնաբերում այս ֆիլմով, պարզապես հանրության դատին եմ ներկայացնում փաստերը, այն, ինչ եղել է:
-Քաղաքակրթության բնօրրան Հայաստանն ի՞նչ ունի այսօր, ո՞ւր է ուղղված քրիստոնյա Հայաստանի հայացքը, դեպի ո՞ւր է գնում մեր հազարամյա մշակույթը:
-Ժամանակի ընթացքում ամեն ինչ աղավաղվել է, հոգևոր արժեքները մղվել են հետին պլան: Այսօրվա երիտասարդին ավելի շատ հետաքրքրում են մեծահարուստի բջջային հեռախոսի մոդելը, նրա մեքենայի համարը, քան այն, թե ինչպես է նա մեծահարուստ դարձել: Ընթացքը նրան չի հետաքրքրում: Կամ, զինվորական են դառնում ոչ թե հայրենիքը պաշտպանելու համար, այլ որ բարձր աշխատավարձ ստանան, արտոնություններ ու իշխանություն ունենան: Փոխվել է արժեհամակարգը: Նույնն էլ մշակութային կյանքում է:
Հեռուստատեսությունը դաստիարակչական մեծ նշանակություն ունի: Իսկ ի՞նչ են ցույց տալիս` մարդասպանություն, բռնաբարություն: Ժամանակի ընթացքում նմանատիպ ֆիլմերը այլասերում են հասարակությունը. ինչ ցանում ես, այն էլ հնձում ես: Վերջերս մի դպրոց մտա, հատուկջոկատայիններ էին հերթապահում: Ճիշտ է, մեր ժամանակ նույնպես լինում էին վեճեր, անկարգություններ, բայց ոստիկանները դպրոցներում չէին հերթապահում: Երբ սերիալի հեղինակին հարցնում ես` ինչո՞ւ է նման սցենարներ գրում, ասում է` դա մեր իրականությունն է: Բայց իրական կյանքի բոլոր դրվագները չէ, որ կարելի է ցույց տալ հեռուստատեսությամբ: Ամուսինների ինտիմ կյանքը նորմալ բան է, բարոյական, անգամ պարտականություն է, բայց եթե նույն բանը ցուցադրես, ասենք, Հանրապետության հրապարակում, կդիտվի իբրև անբարոյականություն: Եթեր հեռարձակվող ֆիլմը կամ հաղորդումը պետք է հաճույք պատճառի կամ ինֆորմացիայի աղբյուր լինի: Այսօրվա սերիալները միայն տհաճություն են պատճառում: Ասում են` ցույց ենք տալիս այն, ինչ շուկան պահանջում է: Եթե ես թմրամոլ եմ, ինձ պետք է բուժեն, ոչ թե թմրանյութ տան, ինչ է թե` ես ունեմ դրա պահանջը: Եթե այգին բարձիթողի ես անում, մոլախոտ է աճում, լավ բերք ստանալու համար պետք է այգին մշակել: Այն, ինչ կատարվում է մեր եթերում, ես համեմատում եմ մարմնավաճառության հետ` հեշտությամբ շատ գումար աշխատելու, մարդկանց փչացնելու, վարակելու առումով: Մշակույթը միայն երգուպարը չէ, հասարակության զարգացածության որոշակի աստիճան է: Եվրոպայից մեծ մասամբ աղբն է գալիս այստեղ` սեռական փոքրամասնությունների, երեխաների իրավունքներ և այլն: Ազատությունը բացարձակ արժեք չէ: Իմ ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է մեկ ուրիշի ազատությունը: Դեռևս 450-ին, երբ հայ իշխանները նամակ գրեցին պարսից Հազկերտ 2-րդ արքային, պարզ նշեցին այն խարտիաները (մարդու իրավունքներ, կրոնի, խղճի ազատություն), որ Եվրոպան մի քանի հարյուր տարի հետո ընդունեց: Պարզապես, միասնականություն չունենալու պատճառով, մենք միշտ կորցրել ենք մեր ունեցածը:
-Վերադառնանք «Արարատից Եվրոպա» ֆիլմին: Ճանաչողական, դաստիարակչական նման ֆիլմերը որքանո՞վ են կարևորվում մեզանում, փորձ արվո՞ւմ է դրանք տարածելու, հասանելի դարձնելու հանրությանը, հատկապես երիտասարդներին:
-«Արարատից Եվրոպա»-ն հեռարձակվել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ, ինչպես նաև Մալթայի հանրային հեռուստատեսությամբ` անգլերեն: Հասարակական որոշ կազմակերպություններում, բուհերում նույնպես կազմակերպվում է ֆիլմի ցուցադրումը: Այն ներկայացվել է նաև Բարսելոնի, Մարսելի, Բրյուսելի, Հաագայի, Բեռլինի հայկական համայնքներում:
-Ինչո՞ւ միայն «Երկիր մեդիան»: Նման ֆիլմերը հայկական մյուս հեռուստաընկերությունների ուշադրությանը չե՞ն արժանանում:
-Այս ֆիլմի նկարահանման համար ծախսվել է 30-40 հազար դոլար, նաև երեք տարվա իմ աշխատանքը, իմ ժամանակը: Երբ ֆիլմը ցուցադրելու համար հեռուստաընկերություններից որոշակի գումար ես պահանջում, ասում են, թե այդ գումարով կարող են 10 սերիալ նկարել, ինչն ավելի ձեռնտու է ու ավելի եկամտաբեր, քան 52-րոպեանոց ֆիլմի ցուցադրումը: Դա նույնն է, թե մի աղջկա աշխատանք առաջարկես 60 հազար դրամով, նա հրաժարվի` պատճառաբանելով, որ մեկ գիշերվա մեջ կարող է ավելին վաստակել:
-Ձեր «որոնումներն» ավելի շատ հասցեագրված են հա՞յ հանդիսատեսին, թե՞ նպատակ ունեք հիշարժան փաստերն ու վկայությունները ճանաչելի դարձնելու աշխարհին:
-Առաջին հերթին մեզ է հասցեագրված, որ հասկանանք` ով ենք եղել, նախանձախնդիր լինենք, եթե օգուտ չենք տալիս, գոնե չվնասենք ինքներս մեզ: Եթե այսպես շարունակվի, մենք 30 տարում կանենք այն, ինչ թուրքը 600 տարում չկարողացավ անել: Աշխարհում ոչ մի ազգ չի ոչնչացել մարտի դաշտում, ազգերը մահանում են խաղաղ պայմաններում: Քսան տարի անցել է արդեն պատերազմական ժամանակներից, եթե ևս տասը տարի այսպես շարունակվի, կորցրածն էլ հետ չենք բերի: Մեր հեռուստատեսությունը սպանում է մեզ` սկսած Հ1-ից: Ինչո՞ւ եմ շեշտում Հ1-ը, որովհետև Հանրային հեռուստատեսությունն է սնվում պետական բյուջեից: Մեր տված գումարով մեզ սպանում են: Եթե ուզում են լարվածության մեջ պահող սցենարներ, մեր մեծերը հիմնականում եղերական վախճան են ունեցել` Ռուբեն Սևակը, Սիամանթոն և մյուսները: Թող նորմալ սցենարներ գրեն` և՛ հետաքրքիր կլինի, և՛ մարդիկ իրենց մեծերին կճանաչեն: Երեխային հարցնում ես` ո՞վ է Կոմիտասը, ասում է` փողոց է: Իհարկե, ֆիլմը նախատեսված է նաև դրսի հանդիսատեսի համար, արդեն իսկ թարգմանվել է տարբեր լեզուներով:
Հետաքրքիրն այն է, որ կորցնելով պետականությունը, մենք կորցրել ենք նաև այն, ինչ տվել ենք մարդկային քաղաքակրթությանը: Այսօր հունական մշակույթն է համարվում քաղաքակրթության սկիզբը, մինչդեռ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայկական լեռնաշխարհում քաղաքակրթությունն ավելի վաղ է ձևավորվել: Պարզապես, չունենալով հզոր պետություն, չենք կարողացել հրամցնել մեր ունեցածը: Պարզ օրինակ. Բեռլինում մեկը մոտեցավ ինձ և ասաց, թե Բեռլինի թանգարաններից մեկում գորգ է կախված` հայերեն գրությամբ, բայց ներկայացվում է որպես թուրքական գորգ: Որովհետև Թուրքիայից է բերվել, նույնիսկ չեն փորձել վերծանել տառերը: ՈՒ շատ են նման օրինակները: Փոքր չափաբաժիններով պետք է աշխարհին ներկայացնել փաստեր, որոնք վկայում են, որ Հայաստանում է ստեղծվել քաղաքակրթությունը: Ես ոչինչ չեմ հորինում, ի մի եմ բերում գիտական փաստերը: Մի քիչ տրամաբանություն է պետք այդ ամենը մեկ ամբողջության մեջ տեսնելու համար:
-«Արարատից Եվրոպա» ֆիլմը նկարահանվել է մշակույթի նախարարության, «Հայ» կինոստուդիայի հետ համատեղ, ՀՀ առաջին տիկնոջ գրասենյակի և «Անուր» ՍՊԸ-ի աջակցությամբ: Երկրորդ ֆիլմը նո՞ւյնպես պետական աջակցությամբ է նկարահանվելու:
-Հայտնի չէ: Առայժմ աշխատում ենք ֆիլմի գիտական մասի վրա: Հույս ունենք, որ այս ֆիլմը ևս պետական աջակցության կարժանանա:
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2561

Մեկնաբանություններ